«Կինոյի մասին» օրենքի նախագիծը մինչև տարեվերջ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Նախագծում տեղ գտած դրույթները տարակարծությունների առիթ են տվել: Մամուլում տեսակետ է շրջանառվում, որ չի կարելի օրենքի ուժ տալ նման թերի նախագծի, գործելու են նույն մեխանիզմները, ինչ նախկինում, պետական համապատասխան կառույցները օրենքը հարմարեցնելու են իրենց նեղ շահերին:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ո՞ր փուլում է նախագիծը, իսկապե՞ս շատ են բացթողումները և ովքե՞ր են մասնակցել օրենքի մշակման աշխատանքներին:
«Հանձնախումբը կազմել է մշակույթի նախարարությունը: 2000-հոգանոց հանձնախումբ չէր կարող լինել, տարբեր կառույցներ`«Ոսկե ծիրանը», «Շարմը» և այլն, հանձնախմբում ունեն իրենց անդամները, որոնք ներկայացնում են տվյալ կառույցի հավաքական կարծիքը: Ի՞նչ է նշանակում իրենց շահերն են պաշտպանում, ո՞ւմ շահերը: Կինեմատոգրաֆիստներին հետաքրքրող բոլոր հարցերը, առաջարկները ներառված են օրենքում: Մեզ մոտ այդպես է, երբ որևէ մեկը չի մասնակցում քննարկումներին, իրեն թվում է, մշակված նախագիծը թերի է: Եթե ծանոթացել են նախագծին ու կարծում են, որ թերի է, կարող են առաջարկությունները ներկայացնել, նորից կքննարկենք ու կներառենք նախագծի մեջ: Անպայման պետք է նոր հանձնաժողո՞վ կազմվի ու նրանք ներառվեն մե՞ջը»,- ասաց Գևորգ Գևորգյանը, նշելով, որ նախագիծը դեռ վերջնական չէ, ուղարկվել է կառավարություն, դեռ լինելու են քննարկումներ, նախարարությունները, գերատեսչությունները պետք է իրենց առաջարկություններն անեն:
Անդրադառնալով կանխատեսմանը, որ «Կինոյի մասին» օրենքը ոչինչ չի փոխելու, ամեն ինչ նույնն է մնալու, ազգային կինոկենտրոնի տնօրենը նկատեց, որ ժամանակին օրենք չի եղել, հիմա օրենք է լինելու, ինչպե՞ս կարող է ամեն ինչ նույնը մնալ: Օրենքի նախագիծը մշակելիս ուսումնասիրել են շատ երկրների փորձը (Ֆրանսիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի և այլն), համեմատել, վերցրել լավագույն դրույթները, տեղայնացրել: Այսպես, օրինակ, ազգային կինոն պետք է արտոնություններ ստանա ոչ միայն նկարահանման, ստեղծագործական, այլև հետարտադրական պրոցեսում. պետությունը պետք է հոգ տանի, որ դա հասնի հանդիսատեսին: Եթե ֆիլմը կոմերցիոն է և կինոթատրոնները չեն ուզում ցույց տալ, պետք է պետությունը ֆինանսավորի կինոթատրոններին: Դրույթներ կան հարկային, մաքսային արտոնությունների մասին և այլն:
«Եթե օրենքն այնպես անցնի, ինչպես մենք ենք ուզում, շատ լավ կլինի կինոյի համար, բայց, իհարկե, կլինեն առարկություններ, առաջարկություններ»,- ասաց Գևորգ Գևորգյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ